Рубрика: Ուսումնական նյութեր

Բարձունքի հաղթահարման ընթերցանության փաթեթ

 Հովհաննես Թումանյան

ԱՐՏՈՒՏԻԿ

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՛ռ, կը՛ռ, կռկռան,

Կռունկները հա՛ թռան,

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան:

 

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,

Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛,- ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սպիտակ
Վերմակի տակ։

Քամին

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Լուսաբացին

(ժողովրդական)

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։


Ղազարոս Աղայան

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛ — հե՛ — հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ — հա՜ — հա՜…

Առավոտը գյուղում

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով:
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով:
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով:
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով:
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով:
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով։

Աթաբեկ Խնկոյան 

Մեղու

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Автор:

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы